15 Հոկտեմբերի 2009, 1209 - Ն
«ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաև Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակության միջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ստեղծել «Արևիկ» ազգային պարկ` 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով` ներառելով`
1) Մեղրիի անտառատնտեսության Լիճքի անտառապետության տարածքը (11914 հեկտար), այդ թվում` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 10-ի N 400 որոշմամբ ստեղծված «Բողաքար» (2728 հեկտար) արգելավայրը, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկի ամբողջականությունն ապահովող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները` 7975.8 հեկտար ընդհանուր մակերեսով.
2) Մեղրիի անտառատնտեսության Շվանիձորի անտառապետության տարածքը (14512 հեկտար)։
2. Հիմնադրման միջոցով ստեղծել «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
3. Հաստատել`
1) «Արևիկ» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի։
4. Սահմանել, որ`
1) «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է.
2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.
3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում են պետական սեփականություն հանդիսացող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղին նախկինում ամրացված՝ 5.319.213 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները, ինչպես նաև Լիճքի անտառապետության (11914 հեկտար) և Շվանիձորի անտառապետության (14512 հեկտար) համապատասխան հողատարածքները, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողերը (7975.8 հեկտար)՝ ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի` համաձայն N 3 հավելվածի, իսկ սեփականության իրավունքով` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի սեփականությունը հանդիսացող` նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող, 1.517.330 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
4) «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արևիկ» ազգային պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, գույքագրման, հաշվառման, մոնիթորինգի, ինչպես նաև ազգային պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է։
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել`
1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված` հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի գործունեության դադարման պետական գրանցումը։
6. Թույլատրել «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.
2) բնափայտի, այդ թվում` երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում.
3) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.
4) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.
5) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.
6) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.
7) «Արևիկ» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.
8) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.
9) անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրում.
10) հուշանվերների արտադրություն և ցուցահանդես-վաճառքների կազմակերպում։
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո երկամսյա ժամկետում ապահովել դրա պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Արևիկ» ազգային պարկի սահմանների ճշգրտման, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողերի սահմանների հստակեցման, գործառնական գոտևորման և քարտեզագրման միջնաժամկետ ծախսային ծրագիրը.
3) «Արևիկ» ազգային պարկի հողաշինարարական և անտառաշինական քարտեզների հիման վրա 2010 թվականի ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Արևիկ» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը, ազգային պարկի ու դրա պահպանման գոտու սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2010 թվականի հունվարի 1-ը օրենքով սահմանված կարգով հաստատել «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը և գործունեության ծախսերի նախահաշիվը։
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողերի սահմանների ճշտման, գործառնական գոտևորման և քարտեզագրման միջնաժամկետ ծախսային ծրագրի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ու պահպանման 2010 թվականի ծախսերի վերաբերյալ։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված