29 Հոկտեմբերի 2009, 1228 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության`
1) 46-րդ կետի «ա» ենթակետից հանել «ինչպես նաև ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական և մյուս անձնակազմի, կուրսանտների դրամական բավարարման, կրթաթոշակների, սննդի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը, որոնք հատկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից» բառերը.
2) 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46.1-ին, 46.2-րդ, 46.3-րդ և 46.4-րդ կետերով.
«46.1. Ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքային կազմի զինծառայողները`
1) դրամական բավարարումը, լրավճարները և պարգևավճարներն ստանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում համապատասխան պաշտոնների համար հաստատված չափերով,
2) նյութական ապահովության մյուս տեսակներից, սոցիալական երաշխիքներից և արտոնություններից օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով։
46.2. Սույն կանոնադրության 46.1-ին կետով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։
46.3. Սույն կանոնադրության 46.1-ին կետով սահմանված ծախսերի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմված ծախսային ծրագրերի նախագծերին և ոչ ֆինանսական ցուցանիշներին համապատասխան։
46.4. Սույն կանոնադրության 46.1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունն աճողական կարգով՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 25-ը համալսարանի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։