19 Մայիսի 2005, 650 - Ն
ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման և դրանք համայնքներին հանձնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների միակողմանի ընդունման ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց սեփականությունը հանդիսացող` հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքները որոշելիս առաջնորդվել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:
3. Սահմանել, որ հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտները հաշվեկշիռ ընդունվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) և համապատասխան համայնքի կողմից առաջադրվող անդամներից կազմված հանձնաժողովի կողմից` սույն որոշման 2-րդ կետով հաստատված միակողմանի ընդունման ակտի միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: