10 Սեպտեմբերի 2009, 1042 - Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին պայմանագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ ճանաչել Երևանի քաղաքապետին։
2. Լիազորել Երևանի քաղաքապետին Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալ կազմակերպության հետ կնքել համապատասխան համաձայնագիր։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Համայնքային զարգացման ծրագրերի կառավարման խորհրդի կազմի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ.
2) անհրաժեշտության դեպքում Համաշխարհային բանկի և «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ քննարկումների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված իրավասությունները վերապահել Երևանի քաղաքապետին։
5. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմնադրի լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 18-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «պետական կառավարման» բառերը.
2) որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածում «Պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «Լիազորված մարմինը» բառերով, իսկ հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը` «Երևանի քաղաքապետ» բառերով։