Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2005, 618 - Ն

ԵՐԵՎԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 5/1 ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան՝ Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Երևանի Աբովյան փողոցի N 5/1 շենքին հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին` 160.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:

Հողամասի մակերեսը ենթակա է ճշգրտման` ըստ գույքագրման պայմանագրերի:

2. Երևանի քաղաքապետին՝

ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասի սահմանները և դրա օտարման գոտին գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան՝ սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել օտարման գոտու տարածքում անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար.

ե) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2005-2008 թվականների ընթացքում՝ ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։