27 Օգոստոսի 2009, 1012 - Ն
«ԾՈՎԱՍԱՐԻ ԲԱԽՏԻԲԵԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովասարի գյուղական համայնքում հիմնադրման ձևով ստեղծել «Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ մասնագիտացված հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն)։
2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակը մասնագիտացված հանրակրթական գործունեության իրականացումն է։
3. Կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման մասնագիտական կազմակերպում.
4) սովորողների սննդի կազմակերպում.
5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում։
4. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտի հիման վրա նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` կազմակերպության գործունեության ֆինանսավորման համար։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի, չափի և արժեքի վերաբերյալ։
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 6-րդ կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու կազմակերպության պետական գրանցումը, ինչպես նաև հաստատել կազմակերպության կանոնադրությունն ու կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը.
2) ապահովել կազմակերպությանը հանձնվելիք շենքի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումն ու անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնումը` գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ կետով.
«19. Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ մասնագիտացված հանրակրթական դպրոց»։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։