Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2009, 957 - Ա

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Երևանի մետրոպոլիտենի համակարգի վերականգնման աշխատանքների իրականացման համար «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից` 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին` արտոնյալ ժամկետ, 6-ամսյա EURIBOR+1 տոկոս տոկոսադրույքով, 5,000,000 եվրո վարկային միջոցների ներգրավման նպատակով.
2) Երևանի մետրոպոլիտենի համակարգի վերականգնման աշխատանքների իրականացման համար «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` Եվրոպական ներդրումային բանկից` 15 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ ժամկետ, 6-ամսյա EURIBOR+0.90 տոկոս տոկոսադրույքով, 5,000,000 եվրո վարկային միջոցների ներգրավման նպատակով.
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք բյուջետային երաշխիք տալու մասին պայմանագրում նախատեսել, որ բյուջետային երաշխիքի կատարման դիմաց վճարված գումարները համարվում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված սուբսիդիա։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս` հաշվի առնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի հանդեպ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունները` դրանց չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսելով ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ սուբսիդիա տրամադրելու համար։