23 Հուլիսի 2009, 851 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 516-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի 13 փողոցի N 8գ հասցեում գտնվող` 1512.96 քառ. մետր մակերեսով անավարտ ջերմակայանի շենքը (այսուհետ՝ գույք) մասնավորեցնել դասական աճուրդով։
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի մարտի 27-ին գնահատված գույքի արժեքը` 5322 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 5322 հազ. դրամ.
3) որ աճուրդում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 986.63 քառ. մետր հողատարածքը` իր կադաստրային արժեքով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի որոշման հետ կապված վճարի, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 551840 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և գույքային իրավունքների պետական գրանցման համար` օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի կադաստրային արժեքը՝ համայնքային բյուջե։
6. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գյումրու հաշմանդամ կանանց «Հավատ» հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու մասին» N 516-Ա որոշումը։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Գույք օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 915-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 319-Ն որոշման 1-ին կետը «գտնվող» բառից հետո լրացնել «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված», իսկ «հողատարածքն» բառից հետո` «հետ վերցնել և» բառերով։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։