Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2009, 845 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետով հաստատված աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգում`
ա. 2-րդ կետը «հաստատած» բառից հետո լրացնել «(այդ թվում` երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված)» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 7-րդ ենթակետը,
գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված անձանց կողմից, բացի սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերից, դիմումին կից ներկայացվում է նաև երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան (բնակարանի) և դրա դիմաց նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքից չօգտվելու մասին նախկին մշտական բնակավայրի համայնքի ղեկավարի տրված տեղեկանքը։»,
դ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Եթե հաշվառման մեջ գտնվող քաղաքացու ընտանիքը բնակարանային ապահովման ծրագրի իրականացմանը նախորդող 1 տարվա ընթացքում լրիվ կազմով փաստացի բնակվում է հանրապետությունից դուրս, ապա ծրագրի շրջանակներում նրան բնակելի տան հատկացման հարցը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների։ Նշված քաղաքացիների նկատմամբ բնակելի տան հատկացման հարցն ավելի ուշ ժամկետների փոխադրելու մասին որոշումներն ընդունում է համայնքի ղեկավարը` հաշվի առնելով հանձնաժողովի կարծիքը։»,
ե. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.
«20.1. Բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում սույն կարգի
20-րդ կետով սահմանված նորմերին համապատասխան տրամադրվող բնակելի տան սենյակների թիվը կարող է ավելանալ մեկ սենյակով` բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման մեջ գտնվող առանձին ընտանիքների միավորման մասին այդ ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում։»,
զ. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«2008 թվականի դեկտեմբերի 15-ից հետո դիմումներ չեն ընդունվում, և այդ ժամկետում բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով` սահմանված կարգով դիմում չներկայացրած անձանց նկատմամբ աղետի գոտու գյուղական բնակավայրերում բնակելի տների հատկացման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունների կատարումը համարվում է դադարեցված։»,
է. 22-րդ կետից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.
«22.1. Սույն կարգի համաձայն հաշվառման վերցված անձինք պահպանում են սույն կարգի 19-րդ կետի համաձայն առաջնահերթության իրավունքը` մինչև բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում իրենց բնակարանային պայմանները բարելավելը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։