Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2009, 837 - Ն

«ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։
2. Սահմանել, որ`
1) «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան բնապահպանական ծրագրերի մշակումը և իրականացումն է, իսկ գործունեության նպատակը` բնապահպանության համակարգի զարգացմանն աջակցելն է.
2) «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է հետևյալ տեսակների ձեռնարկատիրական գործունեություն`
ա. 80.4.3- ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում,
բ. 22.- հրատարակչական գործունեություն։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրինությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքը` համաձայն հավելվածի։
4. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի N 1210-Ա որոշման 2-րդ կետով «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևանի Արմենակյան փողոցի N 129 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 6 սենյակ` 280 քառ. մետր տարածքով, և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
5. «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։
6. Սահմանել, որ «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2009 թվականի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հունիսի 23-ի N 897-Ն որոշմամբ ստեղծված «Բնապահպանության նպատակային ֆոնդ» արտաբյուջետային հաշվի միջոցների հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ծրագրային հայտ «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2009 թվականի ֆինանսավորման վերաբերյալ.
2) ապահովել «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը` պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2009 թվականի ֆինանսավորումը «Բնապահպանության նպատակային ֆոնդ» արտաբյուջետային հաշվի միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված