23 Հուլիսի 2009, 835 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց Երևան քաղաքին համարել փոխանցված (հանձնված)`».
2) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով.
« 5.1. «ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդը փոխանցել Երևան քաղաքին` անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով։
5.2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ կնքել «Ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդը Երևանի քաղաքային համայնքին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին պայմանագիր։
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևան քաղաքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված (հանձնված) գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում և գրանցման թերթիկներում, ըստ ներկայացման, կատարել համապատասխան փոփոխություններ։».
3) որոշման N 1 հավելվածի 20-րդ տողի «տեսակը» սյունակի «թանգարանային ֆոնդ», «քանակը» սյունակի «1629», «չափի միավորը» սյունակի «հատ» բառերը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։