Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2005, 593 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (մետաղի ջարդոնի մասով)» բառերը.

բ) որոշմամբ հաստատված` մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի`

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`

ա) ակտիվները, այդ թվում`

ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ, այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),

ընթացիկ ակտիվներ (նյութեր, աճեցվող և բտվող կենդանիներ, արագամաշ առարկաներ, անավարտ արտադրություն, արտադրանք. ապրանքներ, տրված ընթացիկ կանխավճարներ, դեբիտորական պարտքեր վաճառքների գծով, կարճաժամկետ դեբիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով, այլ դեբիտորական պարտքեր, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, այլ ընթացիկ ակտիվներ).

բ) պարտավորությունները, այդ թվում`

ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, հետաձգված հարկային պարտավորություններ, ակտիվներին վերաբերող շնորհներ, ոչ ընթացիկ պահուստներ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),

ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկային վարկեր, կարճաժամկետ փոխառություններ, կրեդիտորական պարտքեր` գնումների գծով, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովագրության գծով, կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին), այլ կրեդիտորական պարտքեր, եկամուտներին վերաբերող շնորհներ, ընթացիկ պահուստներ, այլ ընթացիկ պարտավորություններ)».

15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.«Ոչ նյութական ակտիվների», «բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների», «այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների», «հետաձգված հարկային ակտիվների» և «այլ ոչ ընթացիկ ակտիվների» գնահատված մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է.

17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ընթացիկ ակտիվների գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը».

1-6-րդ ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: