Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2005, 591 - Ն

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Երևանի Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքների՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամաս, շենքեր, շինություններ) օտարման գոտին` 4700 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին՝

ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտու, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ‎ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օտարման գոտու տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: