Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2009, 784 - Ա

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2009 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող անձանց հուղարկավորությունը կազմակերպելու, նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով) 2009 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 7,500.0 հազ. դրամ` 2009 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու, գերեզմանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1,500.0 հազ. դրամ).
2) Երևանի քաղաքապետին` 675.0 հազ. դրամ` 2009 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների հուղարկավորությանն աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 135.0 հազ. դրամ)։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2009 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների հուղարկավորությունը կատարող անձանց կանխիկ ձևով տրամադրել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հատկացված միջոցները։
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 15-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 589-Ա որոշմամբ Թեհրան-Երևան ինքնաթիռի վթարի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին տրամադրել 2009 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող անձանց հաստատված ցուցակը։