9 Հուլիսի 2009, 765 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆ-5» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` նախարարության ենթակայության «Հրազդան - 5» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի լուծարումից հետո մնացած`
1) գույքը` համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունները` համաձայն N 2 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գույքի և պարտավորությունների հանձնումից հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հրազդան - 5» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման գործընթացը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այդ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։