Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2005, 581 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2005/2006 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005/2006 ուսումնական տարվա անվճար (4117 տեղ) և վճարովի (5598 տեղ) ուսուցման տեղերն ըստ ուսումնական հաստատությունների ու մասնագիտությունների՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005/2006 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա)` կիրառելով ուսանողական նպաստների հատկացման սկզբունքը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա` երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի հիմունքներով (առանց պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի) ուսուցմամբ հավելյալ ընդունելության տեղերն ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի

N 713 և նոյեմբերի 27-ի N 756 որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղին մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի մինչև

50 տոկոսի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն.

գ) համայնքների ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի հայտերի հիման վրա, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում անվճար տեղերի մինչև 30 տոկոսի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն` մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա կազմակերպել նպատակային ընդունելություն` Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «310302 Անասնաբուժություն» և «310301 Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտությունների գծով հատկացված տեղերի մինչև

50 տոկոսի չափով:

4. Սահմանել, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը:

5. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005/2006 ուսումնական տարվա անվճար տեղերի 10 տոկոսն ըստ մասնագիտությունների հատկացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: