26 Հունիսի 2009, 717 - Ա
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության վարկային պահանջարկը բավարարելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակներում բյուջետային վարկերի տրամադրման, մարվող գումարների մուտքագրման և նոր վարկերի տրամադրման գործառնություններն առանց նախահաշվի սպասարկելու նպատակով, հաշվի մուտքերն ու ելքերը սահմանված կարգով արտացոլելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններում.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքել գործակալության պայմանագիր ծրագրի 1-ին բաղադրիչի իրականացման մասին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ։
3. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) 2009 թվականի երրորդ եռամսյակում`
1) ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվին հատկացնել 60,5 մլրդ դրամ.
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին որպես հիմնադրի գույքային ներդրում տրամադրելու համար` հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով.
3) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին հատկացնել 3,7 մլրդ դրամ բյուջետային վարկ` բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով, 10 տարի մարման ժամկետով, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով, սկսած 2009 թվականի դեկտեմբերի 10-ից վարկի հիմնական գումարի և տոկոսների կիսամյակային մարման պայմանով.
4) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը հատկացնել 6,4 մլրդ դրամ բյուջետային վարկ` բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով, ծրագրի 2-րդ բաղադրիչի իրականացման համար։
Հավելված