Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2005, 570 - Ն

«ՔԱՋԱՐԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝

ա) սեփականության իրավունքով հանձնվում է գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույք՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

5. Թույլատրել «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն,

բ) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց),

գ) կրթություն` մեծահասակների համար և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն,

դ) հրատարակչական գործ,

ե) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ,

զ) հանրակացարանների շահագործում,

է) սպորտի բնագավառի այլ գործունեություն:

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ապահովել շենքով:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` երկշաբաթյա ժամկետում ավարտել շենքի հանձնման-ընդունման աշխատանքները:

8. «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: