29 Մայիսի 2009, 604 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով Երևան քաղաքին է փոխանցվում (նվիրաբերվում)`
1) «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում այդ պահին հաշվառված (հիմնարկին ամրացված) գույքը՝ ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը՝Երևանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող շենքը, այդ թվում` անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը.
2) Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի լիազորությունները և դրանց ամրացված գույքը, այդ թվում` անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը` համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական մասնակցությամբ մի շարք առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասը` համաձայն N 2 հավելվածի.
4) Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` սույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում՝ հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման համաձայն պետական գրանցման ենթակա` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների կառուցապատման մակերեսի չափերով հողամասերը։
2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության` սույն որոշման N 1 հավելվածում չներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցել Երևանի ընտրված քաղաքապետին։
3. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների։
4. Սահմանել, որ Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը։
5. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության` սույն որոշման
N 1 հավելվածի ցանկում չընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը ենթակա է հանձնման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ երկուշաբթի օրը։