Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2009, 565 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդների անցկացման հետ կապված վճարումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ստորաբաժանումում բացել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Աճուրդների կազմակերպման ֆոնդ» անվանմամբ արտաբյուջետային միջոցների դեպոզիտային հաշիվ։
2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքը ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդներին մասնակցելու համար մասնակցի մուծած նախավճարն է, իսկ ելքը կատարվում է մասնակիցների կողմից վճարված նախավճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան վերադարձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին գումարները հաշվեգրելու նպատակով։