Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2009, 542 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ», «ժգ», «ժդ» և «ժե» ենթակետերով.
«ժբ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
ժգ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
ժդ) մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի,
ժե) մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի».
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպիչը պարտավոր է իրականացնել մաքսային պահեստում ապրանքների շարժի հաշվառում և դրա վերաբերյալ մաքսային մարմիններ ներկայացնել տեղեկատվություն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով։».
3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մաքսային փոխադրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն է մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին։»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մաքսային փոխադրողի գործունեության իրականացման համար անհրաժեշտ է կնիքների, կապարակնիքների, դրոշմման, թվային, տառային և այլ դրոշմավորման կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ անհատույց օգտագործման, կամ վարձակալված տրանսպորտային միջոցների առկայությունը։».
4) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով սահմանված անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի`
ա. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.
«11) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը։»,
բ. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությանբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) ապահովել գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը։».
5) որոշումը լրացնել նոր` NN 1, 2, 3 և 4 հավելվածներով` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ մինչև 2011 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող են պահպանվել նաև մաքսային պահեստներում և ազատ մաքսային պահեստներում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված