Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2009, 514 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ՕՊԵԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՆՔՎԱԾ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման «ՕՊԵԿ» հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի (այսուհետ` ծրագիր) փոխառության համաձայնագրով (այսուհետ` փոխառության համաձայնագիր) նախատեսված գումարների սահմաններում ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության համայնքների գազաֆիկացման աշխատանքների իրականացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքների համար նախատեսված մետաղյա խողովակներն ուկրաինական «Ինտեռփայփ Ուկրաինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից գնելու և ներկրումն ապահովելու նպատակով` ծրագիրն իրականացնող «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկի հետ կնքել 1.100.000 ԱՄՆ-ի դոլարի ակրեդիտիվի տրամադրման մասին պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`
1) ակրեդիտիվը տրամադրվում է մատակարարին` անկախ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի բանկային հաշվին դրամական միջոցների համարժեք ծածկույթի առկայությունից.
2) ակրեդիտիվի վճարման դեպքում կիրառվում է օվերդրաֆտ` որոշակի տոկոսադրույքով, 60 օր ժամկետով, ծրագրի միջոցների կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին մարելու պայմանով, եթե մինչև մատակարարին վճարման պահը «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի բանկային հաշվին դրամական միջոցների համարժեք ծածկույթ ապահովված չէ։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով ձեռնարկել համապատասխան միջոցներ Միջազգային զարգացման «ՕՊԵԿ» հիմնադրամի կողմից փոխառության համաձայնագրով նախատեսված գումարների ստացումն արագացնելու և ակրեդիտիվի ծածկույթն ապահովելու նպատակով.
2) օվերդրաֆտի ռեժիմի կիրառման դեպքում դրա սպասարկման գումարները նախատեսել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի ծրագրի նախահաշվում։