Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2009, 502 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VII գլխով.


« VII. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ


47. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքներ իրականացնող բոլոր օդանավերը պետք է հագեցված լինեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի պահանջներին համապատասխանող Երկրորդային շրջադիտային ռադարի ԷՍ ԷՍ ԱՐ (SSR) ընդունիչ-պատասխանիչով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավիացիայի մարտական օդանավերի և 115 թռիչքային մակարդակից (3500 մետր) ցածր թռիչքներ իրականացնող օդանավերի։
48. Այն օդանավերը, որոնց ԷՍ ԷՍ ԱՐ (SSR) ընդունիչ-պատասխանիչը խափանվել է թռիչքի ընթացքում, կարող են թռիչք իրականացնել մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող նպատակակետային աերոդրոմ, կամ, եթե օդային երթևեկության կառավարման մարմինների հետ ձեռք է բերվել փոխհամաձայնություն, կարող են շարունակել թռիչքը` համաձայն թռիչքային պլանի։
49. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքներ իրականացնող բոլոր կոմերցիոն օդանավերը, որոնց հավաստագրված թռիչքային քաշը 5700 կիլոգրամից ավելի է, կամ որոնցով թույլատրված է տեղափոխել 19 ուղևորից ավելի, և ոչ կոմերցիոն օդանավերը, որոնց հավաստագրված թռիչքային քաշը 15000 կիլոգրամից ավելի է, կամ որոնցով թույլատրված է տեղափոխել 30 ուղևորից ավելի, պետք է հագեցված լինեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի պահանջներին համապատասխանող Բախումները նախազգուշացնող օդանավային համակարգի «ԱԿԱՍII» («ACASII») սարքավորմամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավիացիայի մարտական օդանավերի և 115 թռիչքային մակարդակից (3500 մետր) ցածր թռիչքներ իրականացնող օդանավերի։
50. Այն օդանավերը, որոնց «ԱԿԱՍII» («ACASII») սարքավորումը, համաձայն Նվազագույն սարքավորման ցանկի, անսարք է, կարող են շարունակել իրականացնել թռիչքներ` 10 օրվա ընթացքում։
51. Բացառությամբ պետական օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, 290 թռիչքային մակարդակից (8850 մետր) մինչև 410 թռիչքային մակարդակը (12500 մետր) ներառյալ, թռիչքներ կարող են իրականացնել միայն այն օդանավերը, որոնք ստացել են Չիկագոյի կոնվենցիայի 9574 փաստաթղթի համաձայն Ուղղաձիգ տարանջատման կրճատված նվազագույն ԱՐ ՎԻ ԷՍ ԷՄ-ով (RVSM) թռիչք կատարելու թույլտվություն։
52. Բացառությամբ պետական օդանավերի` Հայաստանի Հանրապետության կառավարվող օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններին համապատասխան թռիչքներ իրականացնող բոլոր օդանավերը պետք է ունենան և օգտագործեն Շրջանային նավիգացիա ԱՐ ՆԱՎ (RNAV) սարքավորում, որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`
1) համակարգի օգտագործման ճշգրտությունը հավասար կամ ավելի է ՞9,26 կմ (՞5 ծովային մղոն)՝ 95 տոկոս պահելիության դեպքում, որը համապատասխանում է Պահանջվող նավիգացիոն բնութագրեր-5-ի՝ ԱՐ ԷՆ ՊԻ-5 (RNP-5) ճշգրտության պահանջներին.
2) աշխատանքի միջին անընդհատությունը կազմում է թռիչքային ժամանակի 99,99 տոկոսը։
53. Բոլոր օդանավերը, որոնք Հանգուցային կարգավարական շրջանի սահմաններում իրականացնում են Ճշգրիտ շրջանային նավիգացիայի ընթացակարգեր, պետք է ունենան և օգտագործեն Շրջանային նավիգացիա ԱՐ ՆԱՎ (RNAV) սարքավորում, որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`
1) համակարգի օգտագործման ճշգրտությունը հավասար կամ ավելի է ՞3,7 կմ (՞2 ծովային մղոն) 95 տոկոս պահելիության դեպքում, որը համապատասխանում է Պահանջվող նավիգացիոն բնութագրեր ԱՐ ԷՆ ՊԻ-1 (RNP-1) ճշգրտության պահանջներին.
2) աշխատանքի միջին անընդհատությունը կազմում է թռիչքային ժամանակի 99,99 տոկոսը։
54. Սույն գլխի 49-րդ, 51-րդ և 52-րդ կետերի պահանջներին համապատասխանող սարքավորումներ ունեցող օդանավերի թռիչքները, ինչպես նաև սույն գլխի դրույթների համաձայն այդ կետերի պահանջների կատարումից ազատված պետական օդանավերի թռիչքները և օդային երթևեկության կազմակեպման ընթացակարգերն իրականացվում են Չիկագոյի կոնվենցիայի 8168, 4444 և 7030 փաստաթղթերի պահանջների համաձայն։
55. Սույն գլխի 47-րդ, 49-րդ, 52-րդ և 53-րդ կետերի պահանջներին համապատասխանող սարքավորումներ չունեցող օդանավերը, որոնք կատարում են ավիացիոն հատուկ աշխատանքներ (գյուղատնտեսական, շինարարական, փրկարարական, ուսումնական), կամ միանգամյա թռիչք կատարող օդանավերը կարող են թռիչքներ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հատուկ թույլտվություն ստանալու դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։