Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2009, 491 - Ն

ՇՇԱԼՑՎԱԾ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 6-ամսյա ժամկետում իրականացնել ուսումնասիրություններ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք սպառողական շուկայում սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ազդեցության մասին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանքային ջրերի շարքը դասված և արդյունահանված հումքի օգտագործման կարգը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետով սահմանված` բուժիչ, բնական հանքային ջրերին ներկայացվող պահանջները և իրացման կարգը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 48-րդ կետի, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հունվարի 1-ից, իսկ սննդի շղթայի 5-10-ը ներառյալ աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար` 2015 թվականի հունվարի 1-ից։
Հավելված