Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2009, 477 - Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին գլխի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը, հողային պաշարների կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի քաղաքային համայնքին` բացառությամբ`
1) հատուկ պահպանվող տարածքներից` բուսաբանական այգու, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված տարածքների.
2) պետական սեփականություն հանդիսացող` անտառով զբաղեցված տարածքների.
3) պետական նշանակության (օրենսդիր, գործադիր և դատական մարմինների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքերով, շինություններով զբաղեցված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի.
4) հատուկ նշանակության հողերի.
5) գետերով զբաղեցված տարածքների.
6) այն հողերի, որոնք անհրաժեշտ են համապետական ու տարածքային նպատակային ծրագրերի իրականացման համար։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Երևանի քաղաքային համայնքին փոխանցվող հողերից քաղաքացիներին և այլ իրավաբանական անձանց մասնավորեցման ենթակա չեն`
1) բնակավայրերում ընդհանուր օգտագործման (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր) հողերը.
2) ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերը, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարերի և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերը, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքներով զբաղեցված, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված հողերը.
3) պատմական և մշակութային արժեքների օբյեկտների, հուշահամալիրների, հուշազբոսայգիների, բնության հուշարձանների, դամբարանադաշտերի, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների հողերը.
4) պետության կողմից հաշվառված և գրանցված օգտակար հանածոների տեղադրվածությունները.
3. Երևանի քաղաքապետին` 10- օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացման ֆինանսավորման վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մինչև 2009 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը և «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին» որոշման նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։