Կառավարության որոշումներ

3 Մարտի 2005, 461 - Ն

«ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) ոստիկանության ծառայողների երեխաների ուսումնադաստիարակչական գործունեության կազմակերպումը և իրականացումը.

բ) մանկավարժական գործունեությունը` երեխայի հոգեբանական առողջության ամրապնդման ոլորտում.

գ) ոստիկանության ծառայողների երեխաների հոգեբանական խորհրդատվությունը:

3. Թույլատրել «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախադպրոցական կրթություն,

բ) երեխաների խնամք,

գ) հետազոտություններ և մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում,

դ) հրատարակչական գործ:

4. «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ»,«ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքի կազմից առանձնացնել 12.435.399 դրամ արժողությամբ գույք և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: