16 Ապրիլի 2009, 405 - Ն
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ։
2. Հիմնադրման միջոցով ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
3. Սահմանել , որ` 1) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է.
2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.
3) «Հարավային Կովկասի էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում»
N BMZ 2003 65 411 ծրագրի շրջանակներում ձեռք բերված կամ կառուցված` մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է հանձնվել uեփականության իրավունքով, իuկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի, նշված կազմակերպությանը տրվում են անհատույց oգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատաuխան oգտագործելու պայմանով.
4) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.
5) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2009 թվականի պահպանման ծախսերը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը, պարկի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումն իրականացվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Վերակառուցման և զարգացման բանկի միջոցով տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին` համաձայն 2005 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ստորագրված` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծրագրի ֆինանսավորման պայմանագրի հատուկ համաձայնագրի։
4. Թույլատրել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.
2) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.
3) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.
4) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.
5) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.
6 ) «Արփի լիճ» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.
7) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում։
5. Հաստատել՝
1) «Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի։
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
ա. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,
բ. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի զբաղեցման համար մրցույթի անցկացումը և դրա արդյունքների հիման վրա տնօրենի նշանակումը.
2) 2010 թվականի ընթացքում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ֆինանսավորման շրջանակներում իրականացված «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը և դրա պահպանական գոտու տարածքի քարտեզը, գոտևորման սխեման Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված