16 Ապրիլի 2009, 397 - Ա
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային ֆոնդի գնման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հունվարի 16-ին կնքված N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի ֆինանսավորման համար բյուջետային միջոցների բացակայությունը և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` որպես 2000000000 դրամ հիմնական գումարով, երկու տարի մարման ժամկետով վարկի և տարեկան Լիբոր+7 տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
2) որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց` եռամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 2009 թվականի հունվարի 16-ին կնքված N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի շրջանակներում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով տրամադրված հողամասերի, դրանց վրա իրականացվող բարելավումների մասին գրավի պայմանագիր։