Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2005, 456 - Ն

«ՀԱՏՈՒԿ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հատուկ բարդության ջրային աշխատանքների կատարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` «Հատուկ բարդության ջրային աշխատանքների կատարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, «Հատուկ բարդության ջրային աշխատանքների կատարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և դրա գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին`

ա) «Հատուկ բարդության ջրային աշխատանքների կատարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

բ) «Հատուկ բարդության ջրային աշխատանքների կատարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: