Կառավարության որոշումներ

19 Մարտի 2009, 308 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1540-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ ու 18-րդ մասերին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
1) եկամուտների գումարն ավելացնել 2,068,231.2 հազ. դրամով.
2) ծախսերի գումարն ավելացնել 2,068,231.2 հազ. դրամով։
2. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածների աղյուսակներում և NN 1 և 4 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի
N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար
NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։
4. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 7 և 8 հավելվածների։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման NN 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 8 և 9 հավելվածների։
6. Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/131 գնման պայմանագիրը` դրանով նախատեսված կանխավճարի գումարները «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2,000,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով)։
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` որպես «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/131 գնման պայմանագրով նախատեսված կանխավճարների (ներառյալ մուրհակով տրամադրված կանխավճարը) ապահովման միջոց` երկամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Գյումրի քաղաքի Մուշ և Անի թաղամասերի համապատասխանաբար 23.15 հեկտար և 1.47 հեկտար հողամասերի, դրանց վրա իրականացվող բարելավումների մասին գրավի պայմանագիր։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված