10 Մարտի 2005, 437 - Ն
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1509-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004 թվականի մարտի 22-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված «KUBOTA M5700» մակնիշի 39 միավոր տրակտորի և գյուղատնտեսական գործիքների իրացման ու իրացումից գոյացած միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել գյուղատնտեսական տեխնիկայի մեկ միավորի վաճառքի գինը`
2,0 մլն դրամ:
2. Սահմանել, որ`
ա) վաճառված գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվի համարին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
բ) առաջիկա 5 տարվա ընթացքում գնված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և վաճառքի գների տարբերությունը՝ հանած շահագործման յուրաքանչյուր տարում այդ գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության գումարը՝ սահմանված նորմատիվային չափին համապատասխան։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի` ըստ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հատկացումը` համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պահառության պայմանագիրը` նրա միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապրանքի ստացման, մաքսային ձևակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` եռամսյա ժամկետում գյուղատնտեսական տեխնիկայի չիրացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) հիմք ընդունելով սույն որոշման հավելվածը` ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքը մրցութային եղանակով` նախապատվությունը տալով տվյալ մարզում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին.
բ) մրցույթի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկել ներկայացուցիչներ համայնքներից և մրցույթի մասին հայտարարությունները զետեղել առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մարզային ու հանրապետական մամուլում` մրցույթի անցկացումից առնվազն 20 օր առաջ.
գ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մրցույթի արդյունքների մասին տեղեկատվություն:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 1509-Ն որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր