26 Փետրվարի 2009, 204 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 18-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՐՁԱԾ ՏԱՍԸ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի NN 33, 35, 37, 39 և 41 հասցեներում գտնվող և սողանքի հետևանքով վթարային ու բնակության համար ոչ պիտանի դարձած տասը բնակելի տների բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի NN 33, 35, 37, 39 և 41 հասցեներում գտնվող և սողանքի հետևանքով վթարային ու բնակության համար ոչ պիտանի դարձած տասը բնակելի տներից վերաբնակեցման ենթակա անձանց ցանկը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման հավելվածում ընդգրկված անձանց բնակարանային խնդիրները լուծել Երևանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության 2009-2011 թվականների պետական բյուջեներով նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքերից բնակարաններ հատկացնելով` սողանքային գոտում գտնվող բնակելի տներն անհապաղ ազատելու և բնակարան ստացողների միջոցներով դրանք քանդելու պայմանով։
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում ընդգրկված անձանց բնակարանները հանձնվում են Երևանի քաղաքապետի և բնակարան ստացող անձի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա`
ա. սեփականատերերին` սեփականության իրավունքով, նախկինում զբաղեցրած բնակելի տան սենյակների թվին համապատասխան` անշարժ գույքի (այդ թվում` հողամասի) փոխանակման մասին պայմանագրի հիման վրա,
բ. պետական սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններում բնակվող անձանց` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով ընտանիքներին (անձանց թվով) հասանելիք բնակարանի սենյակների թվից մեկ սենյակ պակաս (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան)` առանց մասնավորեցման իրավունքի վարձակալության պայմանագրի հիման վրա.
2) նորակառույց շենքերում 4-սենյականոց բնակարանների բացակայության դեպքում 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում են 1 և 2-սենյականոց բնակարաններ։
4. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց հետ կնքվող պայմանագրերում սահմանել կողմերի պարտավորությունները, իրավունքները, բնակարանների հատկացման և բնակարան ստացողների միջոցներով վթարային բնակելի տների քանդման ժամկետները, իսկ վարձակալության պայմանագրերում նաև նախատեսել դրույթ վարձավճարի չափի վերաբերյալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված