Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2009, 183 - Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.
2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2009 թվականի համար՝ 458 դրամ.
3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.
4) որ 2009 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի հավելվածով նախատեսվածին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հավելված