Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2009, 172 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու և նրանց նոր բնակտարածություն տրամադրելու խնդիրները լուծելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացվում են Երևանի քաղաքապետի կողմից` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների հաշվին կառուցվող բնակելի շենքերից.
2) համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի մասով` սույն կետի 1-ին ենթակետում նշված գործառույթը Երևանի քաղաքապետն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակացարանային շենքը նվիրատվության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնելուց հետո։
3. Բնակիչներին բնակարաններով ապահովելու և հանրակացարանային շենքերի քանդման աշխատանքների իրականացման պատասխանատու ճանաչել Երևանի քաղաքապետին, իսկ համակարգող` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը։
4. Երևանի քաղաքապետին`
1) ընդունել համայնքների առաջարկությունները` համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանները Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության անունից համայնքների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` ապահովելով գործարքների նոտարական վավերացումը և պետության սեփականության իրավունքների գրանցումը.
2) Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու և այդ շենքերի քանդման համար անհրաժեշտ բյուջետային ֆինանսավորման հայտ։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին (Երևանի թաղային համայնքների ղեկավարներին` առաջարկությամբ)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քանդման ենթակա հանրակացարանային շենքերի բնակեցումից ազատված կացարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում և անձնագրային հաշվառում։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հարցման համաձայն վթարային հանրակացարանային շենքերում բնակվող փախստականների հաշվառման, նրանց ընտանիքներին բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր հատկացված լինելու, քաղաքացիների անձնագրային հաշվառման, Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը տրամադրել հարցումներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։
7. Երևանի քաղաքապետին` քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին ստացված եզրակացությունները և տարեկան ծրագրերում ընդգրկված հանրակացարանային շենքերի բնակելի կացարանների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց հետ կնքվող անշարժ գույքի փոխանակման պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վթարային բնակելի կացարանների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման սահմանափակումները կիրառելու և քաղաքացիների սեփականության իրավունքի դադարման և պետության գույքային իրավունքների պետական գրանցումներ իրականացնելու նպատակով։
8. Վթարային հանրակացարանային բնակելի շենքերը` բնակիչներին բնակարաններ հատկացնելու աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում, ենթակա են քանդման` մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված