Կառավարության որոշումներ

31 Մարտի 2005, 404 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԵՆՍԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի։

2. Համապատասխան ոլորտներում պետական կառավարում իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների ղեկավարներին` իրենց իրավասությանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակներում 2006-2008 թվականներին իրականացվելիք միջոցառումները` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 19-րդ կետի պահանջների համաձայն ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից սահմանված համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2006-2008 թվականների կողմնորոշիչ սահմանաքանակների շրջանակներում ներառել իրենց կողմից ղեկավարվող համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսային հայտերում (առանձնացված ներկայացնելով այդ մարզերում իրականացվելիք ծրագրերը և դրանց գծով առաջարկվող ծախսերը) և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի նույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 23-րդ կետի պահանջների համաձայն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին՝ բանակցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության (DFID) հետ վերջինիս կողմից` սույն որոշմամբ հաստատված ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով տրամադրվող դրամաշնորհի ստացման և օգտագործման մեխանիզմների շուրջ ու դրա հիման վրա նախապատրաստել համապատասխան փոխըմբռնման հուշագիր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը ֆինանսավորել փոխըմբռնման հուշագրի սկզբունքներին և մեխանիզմներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին`

ա) մեկամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքային պլանները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` հաստատման.

բ) սույն որոշմամբ հաստատված ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը.

գ) առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային դոնորների և, մասնավորապես, DFID-ի հետ համագործակցությանը` սույն ծրագրի իրականացմանն ուղղված միջազգային աջակցության` առավել հասցեագրված, արդյունավետ և ամբողջական օգտագործման նպատակով:

6. Սույն որոշման կատարման նկատմամաբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։