Կառավարության որոշումներ

19 Մարտի 2009, 273 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 16-ի N 925 - Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2 հեկտար արոտավայրը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտ, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սույն որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերի կատարման նկատմամբ։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։