Կառավարության որոշումներ

12 Մարտի 2009, 252 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՉԼՈՒԾԱՐՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել պետական ձեռնարկությունները (այսուհետ` իրավաբանական անձ)` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված իրավաբանական անձանց լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, ինչպես նաև համապատասխան պետական կառավարման և պետական տարածքային կառավարման մարմիններից.
2) սույն որոշման հավելվածում նշված իրավաբանական անձանց լուծարման և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին հայտարարությունները և լուծարման գործընթացին առնչվող այլ անհրաժեշտ հայտարարություններ մամուլում տպագրել մասնավորեցվող պետական գույքի մասին տեղեկությունների հրատարակման գծով պետական պատվերի շրջանակներում.
3) գույքագրել, ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ սեփականաշնորհված բաժնետիրական ընկերությունների կողմից հիմնադրված և չսեփականաշնորհված կամ չլուծարված իրավաբանական անձանց հետագա կարգավիճակի վերաբերյալ.
4) գույքագրել, ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ լուծարված պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից հիմնադրված և չլուծարված իրավաբանական անձանց կարգավիճակի վերաբերյալ.
5) գույքագրել, ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ նախկին քաղաքային և շրջանային խորհուրդների կողմից հիմնադրված և պետական կառավարման որևէ մարմնի կամ պետության ենթակայությանը չհանձնված գործող իրավաբանական անձանց վերաբերյալ.
6) գույքագրել, ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ պետության, պետությանը հարյուր տոկոս պատկանող բաժնեմասով կազմակերպությունների կամ պետական մարմինների կողմից հիմնադրված և ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված պահանջներին չհամապատասխանող իրավաբանական անձանց հետագա կարգավիճակի վերաբերյալ։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 1230,0 հազ. դրամ` իրավաբանական անձանց փոխարեն պետական տուրք վճարելու նպատակով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով ունեցած պարտավորությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև` իրավաբանական անձանց կողմից հարկային մարմիններ ներկայացված վերջին հաշվապահական հաշվեկշիռների պատճենները։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1190-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող իրավաբանական անձի ստեղծման մասին իրավասու մարմնի համապատասխան որոշումը չհայտնաբերվելու հետևանքով իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում չգրառելու դեպքում հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում` տվյալ իրավաբանական անձի գույքի հայտնաբերման համար։ Իրավաբանական անձի գույքի հայտնաբերման դեպքում այդ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։
Իրավաբանական անձի գույքի չհայտնաբերման դեպքում հանձնաժողովը կազմում է համապատասխան արձանագրություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին։ Հանձնաժողովի կողմից ներկայացված արձանագրության հիման վրա կարող է դադարեցվել հանձնաժողովի գործունեությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով։».
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, եթե սույն կարգով սահմանված ժամկետներում իրավաբանական անձի պարտավորությունների մասին պահանջագրեր չեն ներկայացվում, հանձնաժողովն իրավասու է լուծարման միջանկյալ հաշվեկշռում իրավաբանական անձի պարտավորություններն ընդունելու հավասար զրոյի, իսկ լիազորված մարմնի կողմից իրավաբանական անձի գույքի կազմի, դեբիտորական պարտավորությունների և դրամական միջոցների մասին տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում` լուծարման միջանկյալ հաշվեկշռի ակտիվներ բաժինն ընդունելու հավասար զրոյի։».
3) 20-րդ կետը «պետական գրանցում իրականացնող մարմին» բառերից հետո լրացնել «ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տեղեկատվություն չտրամադրվելու կամ պարտավորությունների բացակայության մասին տեղեկատվություն տրամադրվելու դեպքերում ներկայացնում է հավաստագիր իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ, իսկ լիազորված մարմնի կողմից տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում` տեղեկանք իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ հանձնելու ենթակա փաստաթղթեր չառաջանալու մասին» բառերով.
4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.
«20.1. Մինչև իրավաբանական անձի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հիմնադրի կողմից հաստատվելը` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հիմնադիր հանդիսացող լիազորված մարմնին` լուծարման ավարտն իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից գրառվելուց հետո իրավաբանական անձին պատկանող գույքի հայտնաբերման դեպքում այն հանձնել վարչության տնօրինությանը, դեբիտորական պարտքերի և պահանջի այլ իրավունքների դեպքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ դրամական միջոցների դեպքում` փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։
6. Սույն որոշմամբ ստեղծված լուծարման հանձնաժողովի պահանջով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել լուծարման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկանքներ։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
u_files/file/decrees/kar/2009/03/09_0252.pdf