12 Փետրվարի 2009, 137 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական գույքի մասնավորեցումը ֆոնդային բորսաների և այլ կարգավորվող շուկաների միջոցով իրականացնելու նպատակով ֆոնդային բորսայի և այլ կարգավորվող շուկայի (այսուհետ` բորսա), ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով ընտրված բորսային տրամադրել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկը, դրանց ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքները։
3. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով ընտրված բորսային`
1) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ընկերությունների մասին համապատասխան տեղեկատվության հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության հրապարակումից հետո եռամսյա ժամկետում` հրապարակման արդյունքում ստացված առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել առաջարկություն բորսայի միջոցով մասնավորեցման ենթակա ընկերությունների վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) ձեռնարկել միջոցներ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների ցուցակումն ապահովելու համար.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների բորսայի միջոցով մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։
5. Սահմանել, որ այն ընկերությունները, որոնք սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում բորսայի միջոցով մասնավորեցման վերաբերյալ առաջարկություն չեն ստացել, ենթակա են մասնավորեցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։