Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2009, 166 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ՋՐԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, Նոր Խարբերդի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերություն` ընդունել Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքին սեփականության իրավունքով պատկանող` 24.000 գծամետր երկարությամբ, 12.300.000 դրամ հաշվեկշռային արժեքով ջրատար խողովակաշարը։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը (ավելացնելով նաև Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով հաստատված «Նոր Խարբերդ այգեգործական տնտեսության ջրամատակարարման բարելավում» ծրագրով նախատեսված` 59.375.489 դրամ արժեքով կատարված աշխատանքները) ամրացվում է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը.
2) երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վարձակալության իրավունքով տրամադրել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը և ապահովել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ 2005 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված` «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում համապատասխան փոփոխության կատարումը` լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով։
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևանի Շենգավիթ թաղային համայնքի, 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։