22 Հունվարի 2009, 134 - Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ, 66-րդ և 76-րդ հոդվածների և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը,
«ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության կողմից ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի Ավան թաղային համայնքի Աճառյան փողոցը հարող տարածքում գտնվող` 10.6507 հեկտար մակերեսով հողամասը` համաձայն N 1 հավելվածի, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, մեկ տարի ժամկետով տրամադրել «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերությանը։
2. Երևանի քաղաքապետին`
1) «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության հետ կնքվող վարձակալության պայմանագրում նախատեսել հողամասի գնման նախապատվության իրավունք.
2) առաջարկել վարձակալին հողամասի օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքից բացի Երևանի քաղաքապետարանի արտաբյուջետային հաշվին վճարել օտարվող հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 23 000 դրամ` նախատեսելով նաև արտաբյուջե վճարման ենթակա գումարի տարաժամկետ վճարման հնարավորություն.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված գումարից սահմանված կարգով ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 2-ի N 1117-Ն որոշմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների` համաձայն N 2 հավելվածի, ձեռքբերմանը.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված տարածքների օտարման գործընթացի ավարտից հետո «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության հետ կնքել 1.327 հեկտար մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր` նախատեսելով գնման նախապատվության իրավունք.
5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված հողամասի օտարման դեպքում առաջարկել գնորդին սույն կետի 2-րդ ենթակետի պայմանները։