Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2005, 394 - Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի ապրիլի

-ի «2005 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ _ հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տեղական) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի։

Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

ա) 2005 թվականի գարնանային զորակոչը սահմանված կարգով անցկացնել ապրիլ-հունիս ամիսների ընթացքում,

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել համապատասխան տարածքային դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ԱՊՀ շրջանակներում հետախուզումն ու նրանց վերադարձը Հայաստան իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին՝

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին,

բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝

ա)  2005 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով,

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով,

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերը և ֆլյուորո (ռենտգեն) ժապավենները:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ տեղափոխումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր,

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին ամրակցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի համաձայն կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) 2005 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2005 թվականի հունիսի 20-ը,

բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2005 թվականի հունիսի 1-ը,

բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսների, ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) ընդունելությունն ավարտել 2005 թվականի հունիսի 20-ին:

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: