Կառավարության որոշումներ

31 Մարտի 2005, 380 - Ն

«1992 Թ. ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«1992 թ. մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) իրականացման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի 2003 թվականի ապրիլի 28-ի «1992թ. մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառման ոլորտն ընդլայնելու մասին» որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտների կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետություններին (այսուհետ՝ պայմանագրի մասնակից պետություններ) ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը 2005 թվականից ընդգրկել պետական պաշտպանական պատվերի մեջ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ նշված մատակարարումները սահմանված կարգով ընդգրկել համապատասխան տարվա պետական պաշտպանական պատվերի արտահանման-ներմուծման մասի մեջ:

2. Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ 4-ամսյա ժամկետում մշակել համաձայնագրի 6-րդ և 9-րդ հոդվածների դրույթներից բխող ֆինանսական պարտավորությունների ձևերն ու դրանք համաձայնեցնելու և ստորագրելու ժամկետները որոշելու նպատակով բանակցություններ վարել պայմանագրի մասնակից պետությունների լիազոր մարմինների ու կազմակերպությունների հետ:

Նշված ֆինանսական պարտավորությունների ձևերը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է:

3. Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտներին՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերի նախապես ստորագրված նախագծերն ստորագրելուց առաջ դրանք ներկայացնել Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովին՝ Համաձայնագրի պահանջներին դրանց պայմանների համապատասխանության մասին եզրակացություն ստանալու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել պայմանագրի մասնակից պետություններին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի ու միջազգային շուկայում նույն տակտիկատեխնիկական բնութագրերով արտադրանքի արժեքների միջև գոյություն ունեցող գնային տարբերության հաշվառումը (ազատ փոխակերպվող տարադրամով), ինչպես նաև այդ պետություններից կամ դրանց կողմից լիազորված կազմակերպություններից ստացված գումարի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի հաշվառումն ու ստացված տվյալները յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ զինվորական ներկայացուցիչների միջոցով ապահովել պայմանագրի մասնակից պետություններին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի ընդունման և որակի նկատմամբ, ինչպես նաև գնի որոշման նկատմամբ հսկողությունը՝ հիմք ընդունելով այն գները, որոնցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր սեփական կարիքների համար ձեռք է բերում ռազմական նշանակության արտադրանք:

6. Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող ռազմական նշանակության արտադրանքից պայմանագրի մասնակից պետություններ արտահանվելու դեպքում գները որոշվում են` ելնելով դրանց փաստացի արժեքից՝ ներառյալ պահպանման, սպասարկման, փոխադրման և մատակարարման իրականացման հետ կապված ծախսերը:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ պայմանագրի մասնակից պետությունների լիազոր մարմիններին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում համաձայնագրի իրականացման կարգի մասին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: