Կառավարության որոշումներ

15 Հունվարի 2009, 42 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող շինարարության գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման կարգը պարտադիր է`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, այդ թվում` վարկերի (եթե վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ), համայնքին տրամադրվող սուբվենցիաների, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով գումարների, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար.
2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար։
2. Ոչ պետական բյուջեի միջոցների, այդ թվում` համայնքային բյուջեների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման (հաշվարկման) համար գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման կարգը կրում է խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման և հաստատման կարգի մասին» նորմատիվատեխնիկական փաստաթղթի սահմանված կարգով հաստատումն ու պետական գրանցումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։