Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2008, 1521 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տարվող քաղաքականությունն առավել թափանցիկ և արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա։ Նախարարին կից կոլեգիան`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։»։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում`
1) ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից կոլեգիա.
2) հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից կոլեգիայի կազմը և աշխատակարգը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։