25 Դեկտեմբերի 2008, 1560 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.
«20.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա։ Նախարարին կից կոլեգիան`
ա) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
բ) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
գ) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։»։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել նախարարին կից կոլեգիա, հաստատել դրա կազմը և աշխատակարգը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։