Կառավարության որոշումներ

10 Մարտի 2005, 314 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 479 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի բացակայության դեպքում, մինչև դրանց մշակումն ու հաստատումը, քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է սույն կարգով».

բ) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ և չորրորդ պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև 2 և ավելի պետությունների շահերին առնչվող օբյեկտների կառուցման նպատակով հողամասերի տրամադրման վերաբերյալ առաջարկությունը համաձայնեցվում է այդ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի գործառական նշանակության փոփոխությունն իրականացվում է համայնքի ղեկավարի, Երևանում` Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետի (համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում` ըստ հողամասի գտնվելու վայրի) նախաձեռնությամբ (այսուհետ` իրավասու մարմին), իսկ քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող հողամասինը` դրա սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ համաձայնությամբ` որպես կառուցապատող հանդես եկող հողօգտագործողի կողմից իրավասու մարմին ներկայացված դիմումի հիման վրա».

գ) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակներով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետին: Հայաստանի Հանրապետության մարզպետն առաջարկությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համաձայնեցնում կամ մերժում է այն՝ մերժման դեպքում ներկայացնելով դրա հիմնավորումը, իսկ սույն կետի երկրորդ պարբերության «բ»-«ե» ենթակետերով սահմանված դեպքերում, նույն ժամկետում, իր եզրակացության հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` համաձայնեցման:

Առանց հողի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխության` հողամասերի տրամադրման վերաբերյալ առաջարկությունները ենթակա են համաձայնեցման Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ, եթե կառուցապատումը նախատեսվում է իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում,

բ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրագծից մինչև 50 մետր հեռավորության վրա գտնվող տարածքներում,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ հաստատված հատուկ, ինչպես նաև կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման համար նախատեսված տարածքներում,

դ) սահմանված կարգով հաստատված պետական ցուցակներում ընդգրկված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիներում,

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ կառուցման համար նախատեսված օբյեկտների տարածքներում:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սահմանված կարգով առաջարկությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համաձայնեցնում կամ մերժում է այն՝ մերժման դեպքում ներկայացնելով դրա հիմնավորումը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում սույն կարգով նշված գործառույթները Հայաստանի Հանրապետության մարզպետն իրականացնում է` առաջարկությունը ներկայացնելով նաև համապատասխան մարմինների համաձայնեցմանը:

Համաձայնեցնող մարմնի (մարմինների) կողմից առաջարկությունը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, խախտում է քաղաքաշինական կարգավորման կարմիր գծերը, խոչընդոտում է քաղաքաշինական միջավայրի հետագա ամբողջականացմանը:

Հայաստանի Հանրապետության մարզպետը սույն կետով նախատեսված համաձայնություններն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունը փոխանցում է համայնքի ղեկավարին:

Իրավասու մարմինը համաձայնություններն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում հողամասի գործառական նշանակությունը փոփոխելու մասին և ընթացք տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կառուցապատման հետագա գործընթացներին:

Սույն կարգով նախատեսված գործառույթներն իրականացվում են նաև այն դեպքերում, երբ քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրված չէ համապատասխան հողամասի գործառական նշանակությունը:

Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը սահմանված կարգով հաստատվելուց հետո` կառուցապատման նպատակով հողամասերի գործառական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

4. Հողի կատեգորիայի և գործառական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները պետք է ընդգրկեն համապատասխան հիմնավորումներ (բացատրագիր, սխեմա և այլն):

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը կառուցապատողին է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգօստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով»:

Արխիվ

2024

2023