Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2005, 309 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով` բնակարանային ապահովման ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 08 խմբի 02 ենթախմբի «07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված 2,356,781.6 հազ. դրամ հատկացումներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը տրամադրել մինչև 5,000.0 հազ. դրամ` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար՝ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծել մարզի անշարժ գույքի շուկայում վաճառվող բնակարանների (բնակելի տների) տեղեկատվական բազա և ձեռնարկել միջոցներ` մարզպետարանների միջև այդ տեղեկատվության փոխանակման համար:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` մարզպետների կողմից ներկայացված հարցման համաձայն` բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությունը տրամադրել հարցումներն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` Երևանի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներից 20 ընտանիքի ընտրությունը կատարել վիճակահանությամբ, որի արդյունքներով ընտրված ընտանիքների հաստատված ցուցակը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով` բնակարանային ապահովման ծախսային ծրագրի շրջանակներում Երևանի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում բնակարանների գնման վկայագրեր տրամադրել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի համաձայն:

7. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2005 թվականի հունիսի 15-ին և դրա իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության

2002 թվականի հունիսի 6-ի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին»  N 831-Ն որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023