Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2008, 1498 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 1 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ու «Բարայ Դեվելոփմընթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաև պետական կառավարման մարմինները լրացուցիչ վարչական տարածքներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում կառուցել վարչական շենք` համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի։
2. Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ` ընկերության հետ կնքել Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական նշանակության բազմահարկ շենք կառուցելու մասին համապատասխան պայմանագիր` հիմք ընդունելով հետևյալ պայմանները`
1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է ընկերության միջոցների հաշվին.
2) ընկերությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա երեք տարվա ընթացքում իրականացնելու է Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական շենքի կառուցումը.
3) որպես փոխհատուցում` պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքը` 3176.85 քառ. մետր մակերեսով ու 1219 քառ. մետր մակերես զբաղեցրած հողատարածքով, և Երևան քաղաքի Զաքիյան 2/1 հասցեում գտնվող կաթսայատան շենքը` 1939,2 քառ. մետր մակերես զբաղեցրած հողատարածքով, ու լաբորատոր շենքը` 347,0 քառ. մետր մակերես ունեցող հողատարածքով, սեփականության իրավունքով տրամադրել ընկերությանը.
4) որպես էական պայման` ապահովել ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող` 1219,2 քառ. մետր, Զաքիյան 2/1 հասցեում գտնվող` 1939,2 քառ. մետր և 347,0 քառ. մետր մակերեսներ ունեցող հողամասերում կառուցապատման իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը` պայմանով, որ կառուցապատման նախագծերը կհամաձայնեցվեն, և շինարարության թույլտվությունը կտրամադրվի միայն Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական շենքի կառուցման կապիտալ շինարարության ավարտական ակտերի ձևակերպումից հետո։
3. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել միջոցներ` սույն որոշմամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքների իրականացումը սեղմ ժամկետներում ապահովելու համար