4 Դեկտեմբերի 2008, 1478 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՔԵՆԴԼ» 3 ԳԷՎ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ 3-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումն ապահովելու և տնտեսության գիտատար ուղղությունների համար անհրաժեշտ փորձարարական բազա ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա ստեղծվող միջազգային կենտրոնին տալ գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` «Քենդլ» կենտրոնի ղեկավարության հետ համատեղ պատրաստել նոր կենտրոնի ստեղծման համար հողատարածքի տրամադրման վերաբերյալ առաջարկ։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` օտարերկրյա կազմակերպությունների կողմից ներկայացված ֆինանսական առաջարկությունների հիման վրա պատրաստել նախագծի իրականացմանը Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական մասնակցության վերաբերյալ առաջարկ։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` ներկայացնել առաջարկներ «Քենդլ» նախագիծը Եվրախորհրդի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և այլ շահագրգիռ երկրների ու կազմակերպությունների հետ համագործակցության միջազգային գիտական ծրագրերում ներառելու վերաբերյալ։
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ պատրաստել ապագա կենտրոնի կառուցվածքի և կազմակերպական կարգավիճակի վերաբերյալ առաջարկ։