17 Փետրվարի 2005, 266 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի «զ» ենթակետը.
բ) որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«65 և ավելի բարձր տարիքի անձինք (միայն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում)».
գ) որոշմամբ հաստատված` ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգում`
23-րդ կետի «դ» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) և լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) համար՝ հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով».
«է) մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության համար`
հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական բուժօգնության մասով` հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող կանանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.
հղիների նախածննդյան և հետծննդյան, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված կանանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով՝ հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող կանանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով».
դ) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց իրականացվող փորձաքննության համար զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով՝ հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների (բժիշկ-փորձագետներ և բուժքույրեր) թվի և մեկ մասնագետի համար հաստատված գնի արտադրյալով».
ե) 25-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) առողջության առաջնային պահպանման՝ տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետի մասնագետի, ամբուլատոր-պոլիկլինիկական նեղ մասնագիտացված (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող և նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց մասնագիտացված բուժօգնությունը), դիսպանսերային և մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված կանանց համար) մասով՝ ամսական կտրվածքով, առողջության առաջնային պահպանման, ամբուլատոր-պոլիկլինիկական նեղ մասնագիտացված բուժօգնության (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող և նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց մասնագիտացված բուժօգնությունը), դիսպանսերային բուժօգնության և մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով) համար հաստատված տարեկան պայմանագրային գումարի համամասնությամբ:
Տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների գյուղական բժշկական ամբուլատորիաներ և բուժակ-մանկաբարձական կետեր այցերի, պոլիկլինիկաներում իրականացվող ազատ ընդունելության օրերի, ինչպես նաև հրավիրված մասնագետների աշխատանքի կազմակերպման և փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը.
բ) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից ամբուլատոր պայմաններում առանձին հիվանդությունների բուժման, մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) և մանկաբարձագինեկոլոգիական օգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված կանանց համար լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար) մասով փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայությունների համար հաշվարկված տարեկան պայմանագրային ծավալը».
զ) 34-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) սննդի ծախսերը նախատեսվում են միայն հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող կազմակերպություններում և բաժանմունքներում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: